Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համար նախատեսել առողջական վիճակի և ֆիզիկական պատրաստության առավել մեղմ պահանջներ, որպեսզի հնարավորություն ընձեռվի աշխատանքի ընդունել տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեցող անձանց:
Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ նշված փոփոխության կատարումը հնարավորություն կընձեռի Հակակոռուպցիոն կոմիտեն առավել բանիմաց և ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներով համալրելու: Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական մակարդակով կարգավորված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելու ընթացակարգը, նախագծով նախատեսվել են համապատասխան իրավական հիմքեր:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան լավարկել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը: