Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացիային, ուժի մեջ է և կարող է ընդունվել կոնսենսուսի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ:
«Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարի նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, ուժի մեջ է կոնսենսուսի հասնելու դեպքում»,- ասել է գլխավոր քարտուղարը։