Իրական բանակցությունները ընթանում են ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ խորհրդատվական խողովակներով, թղթեր փոխանցելով, որովհետև վերջում, երբ հավաքվում են երկրների ղեկավարները, ամփոփում են կատարված աշխատանքը և ինչ-որ եզրակացությունների են գալիս, և գնում ենք մեկ քայլ առաջ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որն է պատճառը, որ հայ-ադրբեջանական բանակցություններում դադար է:
Նրա խոսքով՝ բանակցային պրոցեսը չի դադարել, իսկ ակտիվ հանդիպումներ չլինելու փաստը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական տարբեր գործոններով:
«Արաբա-իսրայելական պատերազմը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, քանի որ աշխարհի ուշադրությունը շեղում է այդ հարցից, բայց պետք է ասել, որ այն զգուշավոր լավատեսությունը, որը ունենք՝ կապված խաղաղության պայմանագիրը 2024 թվականին կնքելու հետ, պահպանվում է, քանի որ, մեծ հաշվով, հիմնական, առանցքային հարցերի շուրջ կարծես ըմբռնում կա: Միակ հարցը, որի շուրջ այդ ըմբռնումը որևէ կերպ չկար, այսպես կոչված «միջանցքի» հարցն էր, բայց այդ հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի իշխանությունների և Թուրքիայի իշխանությունների՝ գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, նույնիսկ ընդհակառակը՝ իրենք ասում են, որ դա իրենց պետք չէ, քանի որ տնտեսական առումով ավելի հարմար ճանապարհ են գտել իրենց համար: Երկար ժամանակ պրոցեսին դա էր խանգարում, քանի որ դա Հայաստանի համար կարմիր գիծ էր»,- ասաց պատգամավորը:
Պապոյանը նշեց, որ հիմա նստելու և վերջնական տեքստի վրա աշխատելու համար Հայաստանի կողմից ոչինչ չի խանգարում: «Մենք պատրաստ ենք 1974-1975 թթ. քարտեզներով պայմանավորվել դեմարկացիայի, դելիմիտացիայի շուրջ, պայմանավորվել ճանապարհների ապաշրջափակման շուրջ: Մենք ասում ենք, որ ցանկացած քաղաքացի, դա կլինի Ադրբեջանի, Թուրքիայի թե որևէ երրորդ երկրի, որը Ադրբեջանի սահմանից կհատի Հայաստանի սահմանը, հատելուց հետո պետք է իր կենսագործունեությունն իրականացնի բացառապես ՀՀ օրենսդրությամբ, այնպես, ինչպես Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան սահմանին է տեղի ունենում: Եթե այս գործընթացը տեղի ունենա, և տարածքների փոխադարձ ճանաչումը տեղի ունենա, Հայաստանը չի տեսնում որևէ խոչընդոտ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- նշեց Գևորգ Պապոյանը: