«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև համաձայն գնումների օրենսդրության 13/07/2023 թվականին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն:
Հարկ եմ համարում նշել, որ «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով: Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով:
Գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և մեր երկիր ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով:
Նշված ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից նախատեսվել է շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ»: