Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմանների ստեղծմամբ և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- հայտարարել է Պատրուշևը և հավելել, որ այդ նպատակով Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի՝ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում:
«Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում այնտեղ հակասությունների պահպանմանը»,- ասել է Պատրուշևը: