G7-ի երկրներն անընդունելի են համարել Արևմտյան ափին պաղեստինցի բնակչության նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնարարքները։
«Ծայրահեղական վերաբնակիչների բռնությունների աճը պաղեստինցիների դեմ անընդունելի է, խաթարում է Արևմտյան ափի անվտանգությունն ու սպառնում է կայուն խաղաղության հեռանկարներին», - նշված է Տոկիոյում տեղի ունեցած հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի արտգործնախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի տարածած հայտարարությունում։ Բացի այդ, յոթ երկրի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են Գազայի հատվածի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ներառյալ հումանիտար միջանցքների և հրադադարների տրամադրումը։
«G7-ը կարծում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով»,- ասել է Ճապոնիայի արտգործնախարարը և հավելել, որ G7-ը նաև դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա, պահանջում է ազատ արձակել բոլոր պատանդներին և հանդես է գալիս ռազմական գործողությունների հումանիտար դադարի օգտին:
Յոթնյակի (G7) երկրները, այդ թվում՝ տարածաշրջանային գործընկերների հետ, քննարկում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։