Երևանում անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու համակարգող կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համակազմակերպիչ է: Ժամանել են մոտ 30 գործընկեր տարբեր երկրներից: Քննարկվելու են տարածաշրջանի պետություններում թվայնացման ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ հարցեր: Երկօրյա նիստի ընթացքում կդիտարկվի նաև Հայաստանի՝ Կոմիտեի նախագահ կամ փոխնախագահ դառնալու հնարավորությունը:
«Քննարկվելու են մոտակա տարիների անելիքները, և կարծում ենք, որ սա լավ հնարավորություն է նախ ճանաչել գործընկերներին, բարձրացնել Հայաստանի համար կարևոր հարցեր, որոնք քննարկվում են կոմիտեներում, և դրանից հետո կհեշտանա այլ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու համակարգող կոմիտեի տնօրեն Տիցիանա Բոնապասեն իր հերթին նշել է. «Թվային ենթակառուցվածքները պետք է փոխկապակցված լինեն բոլոր երկրներում:
Այս հանդիպման հիմնական նպատակն է այդպիսի գործակցության հարթակ ստեղծել, որ ընկերությունները վստահելի ինտերնետ հասանելիություն ապահովեն բոլորի համար և բոլոր ժամանակներում: Պետք է ուժերը մեկտեղել:
Ասիական երկրների համար շատ կարևոր է այստեղ ծանոթանալ Հայաստանի թվային փոխակերպման դինամիկ փորձին: Այդ փորձը, կարծում եմ, շատ դրական է՝ հաշվի առնելով ինովացիոն ընկերությունների գործունեությունը և համագործակցությունը մյուս երկրների հետ:
Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել, թե Հայաստանն ինչպես է ստեղծել թվային հասարակություն և թվային տնտեսություն»: