Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և, բնականաբար, դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ-ի պետական բյուջեից հատկացում չի եղել ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար:
«Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և խաղաղության գործընթացը տորպեդահարել։ Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերն ու մարտահրավերները ճիշտ հաշվարկի և չանի քայլեր, որոնց արդյունքում ՀՀ-ն կունենա կորուստներ. սա անթույլատրելի է»,- նշեց պատգամավորը։
Խոսելով այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին հայտարարել է, թե պահպանելու է Արցախի թեմը, Պապոյանն ասաց․ «Եկեղեցին պետությունից անջատ է, և եկեղեցին չի մասնակցում որևէ բանակցությունների, եկեղեցին պատասխանատու չէ տարածքային ամբողջականության համար, եկեղեցին չի բանակը ղեկավարում, եկեղեցին չի հոգում սոցիալական ծախսերը, եկեղեցին 100 հազար արցախցու խնդիրները չի հոգում»։