Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Մինչ այդ ֆինանսների նախարարը ներկայացրել է ծախսային հիմնական ուղղությունները՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված ծախսերը նախագծում ներառված չեն, դրանք կներկայացնեն երկրորդ ընթերցումից առաջ:
Վահե Հովհաննիսյանն ընդգծել է՝ 2024-ի բյուջեում կներառեն մասնավորապես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թոշակների և նպաստների գծով ծախսերը, որը կավելացնի կենսաթոշակային ծախսերը մոտ 30 մլրդ դրամով:
«Մենք վաղը Կառավարության նիստում կհաստատենք «Կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը հնարավորություն կտա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վճարել Ղարաբաղից տեղահանված անձանց թոշակառուներին այնպես, ինչպես իրենք ստացել են, երբ գտնվում էին դեռ ԼՂ-ում:
Մյուս տարի, բացի թոշակների և նպաստների վճարումներից, կիրականացնենք նաև աշխատանքային ծրագրեր, աշխատունակ տարիքում գտնվող անձանց համար վերապատրաստումների և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր, ինչպես նաև բնակարանային ապահովության ծրագրեր: Այս ամենը հիմա գտնվում է մշակման փուլում: Եթե որևէ բան մենք չհասցնենք մինչև բյուջեի ընդունումը վերջնական հաստատել, ապա մենք այդ գումարները կնախատեսենք պահուստային ֆոնդում, և տարվա ընթացքում՝ հաստատվելուց հետո, պահուստային ֆոնդից հատկացումներ կլինեն»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: