Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Այն մասին հայտնում են ԱԺ-ից:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար:
«Նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար: Առաջարկը չի վերաբերելու գրասենյակի ղեկավարին և տեղակալներին»,- ընդգծել է փոխնախարարը և անդրադարձել նախագծի ընդունման անհրաժեշտությանը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Հարցի քննարկումը կընդգրկվի դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում: