Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Կիրբալի գյուղ, որտեղ նոյեմբերի 6-ի երեկոյան ռուս սահմանապահների կողմից սպանվել էր Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին։ Նշվում է, որ ռուսական կողմն առևանգել է նաև Վրաստանի քաղաքացի Լևան Դոթիաշվիլուն: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը պահանջել է անհապաղ վերադարձնել առևանգված քաղաքացուն, իսկ մեղավորներին պատժել։
Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել նոյեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, հավաքվել Օրբելիանիի պալատի մոտ այն բանից հետո, երբ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ:
Նախագահի խոսքով՝ ի սկզբանե այդ օրը նախատեսված էր համերգ, սակայն այն չեղարկվել է ռուսական ուժերի ներկայացուցիչների կողմից Վրաստանի քաղաքացու սպանության պատճառով: Զուրաբիշվիլու պնդմամբ՝ Վրաստանում Ռուսաստանի քաղաքականության պատասխանը Եվրոպան է և խաղաղ ապագան եվրոպական ընտանիքում:
«Մենք այլ հեռանկարի չենք նայում, մենք դրան չենք հավատում, և շատ զարմանալի է, որ Վրաստանում ինչ-որ մեկը կարող է հավատալ Ռուսաստանի հետ ապագային։ Վաղը կլինի Եվրահանձնաժողովի եզրակացությունը, դա դեռ որոշում չէ, բայց շատ կարևոր է»,- ասել է Վրաստանի նախագահը: