ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
«Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում:
Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների հետ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացմանը՝ ահաբեկչության, թմրանյութերի տարածման, անդրսահմանային հանցավորության, անօրինական միգրացիայի հակազդման, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերով:
Տասմագամբետովն ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման ուղղությամբ: