2023 թ. նոյեմբերի 7-ին՝ 72 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ, դիվանագետ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը, որը երկար տարիներ անձնվիրաբար աշխատել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման և առաջնահերթությունների առաջմղման գործում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով. ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Պլեյադի՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության հրամանատարի շքանշանով, ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշանով և այլն:
Քրիստիան Տեր-Ստեփանյանը ծնվել է 1951 թ. Ֆրանսիայում: Սովորել է Փարիզի VII համալսարանում՝ բանասիրության և պատմության ֆակուլտետում:
1991-1992 թթ․ եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ,1993-1996 թթ.՝ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,1996-1998 թթ․՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, իսկ 1998-1999 թթ. Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
1999-2008 թթ. Քրիստիան Տեր-Ստեփանյանը եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը, 2008-2013 թթ․՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ֆրանկոֆոնիայի հարցերով, 2013-2019 թթ.՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:
2019 թ. հունվարի 17-ից նա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր: