Օրենսդրական և տեխնիկական աշխատանքներ են կատարվում, որպեսզի կարողանանք հնարավորություն ստեղծել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների իրավունքի իրացման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ևս կունենան կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե կբավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին:
«ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից անկախ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն, և քանի որ որոշակի բյուրակրատական պրոցեսներ դա կարող էր ենթադրել, մենք այդ պրոցեսները շրջանցելու համար օրենսդրության մեջ տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, և օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելուց, քննարկել, հաստատելուց հետո կկարողանանք բոլոր այն հայրենակիցներին, որոնք ԼՂ-ում ունեցել են կենսաթոշակի իրավունք, շարունակենք տրամադրել իրենց կենսաթոշակները և նպաստները»,- ասաց նախարարը, ապա տեղեկացրեց, որ բոլոր այն անձինք, որոնց կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, նրանք ևս պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար:
«Կենսաթոշակի իրավունք ստանալու համար կարևոր է, որ մեր հայրենակիցները դիմեն սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ-ում գործում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններ, և որ դրանց հասցեները հրապարակված են:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ եթե ԼՂ-ի բռնի տեղահանվածի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք տվող տարիքը լրացել է մինչև հոտեմբերի 28-ը, ապա նրանց կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:
«Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով վայրի հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները մինչև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ ներկայանալը և դիմում ներկայացնելը պետք է անպայման հաշվառված լինեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, որից հետո մենք կկարողանանք մշակել իրենց տվյալները և կենսաթոշակի կամ նպաստի իրավունք տալ»,- ասաց նա: