Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադարական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ:
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունը բացառիկ կարևորություն ունի:
«Շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատության համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը կարողանանք իրականացնել բացառիկ պրոֆեսիոնալիզմով և որակյալ, ինչը հնարավոր է միայն նման նախաձեռնությունների արդյունքում ձևավորվող երկխոսության արդյունքում»,- ասել է Պաշտպանն իր բացման խոսքում:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նաև իր հանձնառությունը Պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան կատարելագործելու հարցում, քանի որ միայն որակյալ դիմումներ ներկայացնելն ու ակտեր ունենալը բավարար չեն, կարևոր է այդ ակտերի իրացման պրակտիկան:
Որպես բանախոսնե՝ր Պաշտպան Անահիտ Մանասյանը և ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանել են երկու կառույցների աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին:
Աշխատաժողովի շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ դիմելու կարգին, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին, այդ դիմումներին ներկայացվող պահանջներին ու դրանց ընդունելիության չափանիշներին:
Աշխատաժողովի ավարտին բանախոսները վստահություն են հայտնել, որ երկխոսության մշակույթն ու հարթակը շարունակական կլինեն, արդյունքում կառույցների փոխգործակցությունն առավել արդյունավետ կդառնա: