«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի, ինչպես նաև նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձի, նախարարի, համայնքի ղեկավարի տեղակալի` համապատասխան պաշտոններում որպես ժամանակավոր պաշտոնակատարներ պաշտոնավարելու կառուցակարգ: Այդուհանդերձ, անձի` որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարման և պաշտոնավարման դադարեցման իրավահարաբերություններում առկա են որոշակի անհստակություններ, ինչը գործնականում, այդ թվում` դատական պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է հստակ կարգավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար պաշտոնավարելու կառուցակարգի կիրառման հետ կապված հարաբերությունները:
«Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է անձի վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում նոր նշանակում կատարելու համար սահմանել անձի նախապես ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու պահանջ, ընդ որում` պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելը պետք է իրականացվի այդ պաշտոնին նշանակելու և ազատելու դեպքում գործող ընթացակարգով` տվյալ պաշտոնում նշանակելու և ազատելու իրավասություն ունեցող անձի կողմից»,- տեղեկացրել է Լևոն Բալյանը:
Ըստ փոխնախարարի` նաև հստակեցվում են օրենքում մատնանշված մեկամսյա ժամկետում նոր նշանակում չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքները? Սահմանվում է նոր նշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից ազատելու վերաբերյալ կարգավորում` անհատական իրավական ակտի հիման վրա:
Նախաձեռնությամբ վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված կարգավորումներ են սահմանվում նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում:
Հարակից զեկուցող, պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:
Կառավարության հեղինակած նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի հարցի քննարկումն ընդգրկել դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում:
Հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: