Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը տեղեկացնում է, որ «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ նամակին երկրորդ կողմը իրավական պատասխան տալու փոխարեն արձագանքել է կալվածքում գտնվող պարիսպն ու ավտոկայանատեղին քանդելով, ասֆալտը հեռացնելով և շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Այդ մասին հայտնել է Պատրիարքարանի դիվանապետ Տ. Աղան աբեղա Գոգչյանը:
«Երեկ նրանք նույնիսկ անվտանգության զինված աշխատակիցներ ու վարժեցված շներ էին բերել՝ պահանջելով ազատել կալվածքը հայկական ներկայությունից: Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Սուրբ Հակոբ եղբայրության անդամները և հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին այդ վայրում և խաղաղ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն էին արտահայտում այդ պահանջին։
Մի քանի ժամ անց երկու կողմերը պայմանավորվեցին հեռանալ և ոչինչ չձեռնարկել այնքան ժամանակ, քանի դեռ Պատրիարքարանը չի ստացել պայմանագրի չեղարկման վերաբերյալ իրենց ուղարկած նամակի պատասխանը»,- նշված է Երուսաղեմի Հայոց պատրիարքության հաղորդագրությունում։