Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում կազմակերպված դատապարտյալների վերասոցիալականացման ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ու ներդրման համար ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ քրեակատարողական ոլորտում ընդլայնվել է Եվրոպայի խորհրդի հետ արդարադատության նախարարության համագործակցությունը՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, դատապարտյալներին պատժից ազատելուն պատրաստման, վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի ներդրման, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կարողությունների զարգացման ու այլ ուղղություններով:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել և ներկայացվել են ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, պիլոտավորման ու ներդրման ճանապարհային քարտեզը։ Մասնավորապես քննարկվել են պիլոտավորման հետ կապված ժամկետները, մասնակիցների թիվը, արդեն իսկ տվյալ համակարգի ներդրման փորձ ունեցող երկրների օրինակները:
Ամփոփելով ելույթը՝ նախարարի տեղակալը վերահաստատել է արդարադատության նախարարության պատրաստակամությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովման կապակցությամբ: