Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուին հեռացրել է կառավարության նիստերին մասնակցելուց՝ Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին նրա հայտարարությունից հետո։
«Ամիհայ Էլիյահուի բառերը չեն համապատասխանում իրականությանը։ Իսրայելը և ՑԱԽԱԼ-ը գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան»,- ասել է Նեթանյահուն:
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը միջուկային հարվածի մասին բառերն անվանել է «սարսափելի և խելագար» և Նեթանյահուին կոչ է արել պաշտոնանկ անել Էլիյահուին: «Լավ է, որ Իսրայելի անվտանգության համար պատասխանատու չեն այդ մարդիկ»,- ասել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Ավելի վաղ, Kol Berama ռադիոկայանի եթերում Էլիյահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելը դիտարկվող տարբերակներից մեկն է։ Ժամեր անց նախարարը նշել է, որ ատոմային ռումբի մասին պնդումը փոխաբերական է։