Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմը Իսրայելի բյուջեին կարժենա 200 միլիարդ շեքել (51 միլիարդ դոլարին համարժեք, ՀՆԱ-ի 10 տոկոսը): Այս նախնական կանխատեսումը տվել է Իսրայելի ֆինանսների նախարարությունը՝ այն որակելով որպես «լավատեսական», գրում է Calcalist-ը։
Գնահատումը հիմնված է ենթադրության վրա, որ ճգնաժամը կտևի ութ ամսից մինչև մեկ տարի, այն չի տարածվի Գազայի սահմաններից դուրս, և 350 հազար պահեստազորայինները շուտով կվերադառնան աշխատանքի։
Ֆինանսների նախարարությունը նաև զգուշացրել է, որ պատերազմի ավարտից հետո վերականգնումը դանդաղ կընթանա, տնտեսությունն էլ չի վերադառնա նախապատերազմական վիճակին։
«Այստեղ չկա տնտեսության արհեստական կասեցում, կա պահանջարկի ճգնաժամի աճ, բարձր են տոկոսադրույքները, կտրուկ աճում են տնտեսության համար ռիսկերը»,- պարզաբանել է գերատեսչությունը:
Իսրայելի նախորդ հակամարտությունները, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի հետ 2014 և «Հըզբոլլահի» հետ 2006 թվականներին, քիչ ազդեցություն ունեցան երկրի տնտեսության վրա, սակայն մեծ է «ներկա պատերազմի ազդեցությունը ներքին անվտանգության և վստահության վրա»,- նշում են փորձագետները:
Ֆինանսների նախարար Բեթսալել Սմոդրիչի գնահատմամբ ՝ Իսրայելի ուղղակի ծախսերը ՀԱՄԱՍ-ի հետ ներկա պատերազմից կազմում են օրական մոտ 1 մլրդ շեքել (245 մլն դոլար):