Կյանքից անժամանակ հեռացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ցավակցում եմ մեր ընկեր ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Սիմոնյանը:
«Բառեր չեմ գտնում, Մաթևոս ջան: Քեզ հետ ճանապարհ անցնելը պատիվ էր, քեզ կորցնելը` մեծագույն կորուստ բոլորիս համար: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,- Ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Մաթևոս Ասատրյանը ծնվել է 1985 թ. դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում:
2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008թ. ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2012-14.01.2019 թթ. աշխատել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն:
2014 և 2017 թթ. վերապատրաստվել է Եվրոպայի «Լյուդ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» սպորտային ակումբներում և մի շարք այլ մարզադպրոցներում:
2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր:
Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ից, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից, նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ին, հուղարկավորությունը` ժամը 13:00-ին, Քուչակ բնակավայրի գերեզմանատանը: