ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այն օրենքով սահմանված կարգով քննարկել է նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում։
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը, ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։
Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Նույն նիստում ԿԸՀ կազմած մեկ այլ արձանագրությամբ, մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին։