Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 450 թիրախի։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ նշվում է նաև, որ հնարավոր է եղել վերացնել Ջամալ Մուսային, որը պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ում անվտանգության հատուկ գործողությունների համար, մարտերում զոհվել են նաև մի շարք հրամանատարներ։ Գիշերն իսրայելական բանակը վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերից մեկի նկատմամբ։ Իսրայելի բանակի համակարգող և Գազայի հետ կապի վարչության ղեկավար Մոշե Տետրոն տեսանյութ է ներկայացրել, ըստ որի Գազայի հյուսիսի խաղաղ բնակիչների համար բացվել է հումանիտար միջանցք՝ Սալահ Ալ-Դին ճանապարհով: Նա Գազայի բնակիչներին ևս մեկ անգամ կոչ է արել տեղափոխվել հարավ, քանի որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն օգտագործում է բնակչությանը որպես կենդանի վահան: Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, որ մտադիր է շարունակել գործողությունը Գազայում մինչև հաղթանակ: «Ուզում եմ նաև իմանաք, որ միակ բանը որ չենք անելու, առանց պատանդների վերադարձի հրադադարի հաստատումն է»,- հայտարարել էր Բենիամին Նեթանյահուն:
Իսրայելի ֆինանսների նախարարությունից էլ անդրադարձել են պատերազմի ֆինանսական կողմին: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմը Իսրայելի բյուջեի համար կարժենա 51 միլիարդ դոլար: Գնահատումը հիմնված է հաշվարկի վրա, որ ճգնաժամը կտևի ութ ամսից մինչև մեկ տարի, այն չի տարածվի Գազայի հատվածից դուրս, և 350 հազար պահեստազորայիններ շուտով կվերադառնան աշխատանքի։
Մանրամասները՝ ռեպորտաժում: