Սոցիալական ոլորտին բաժին է ընկնում ծախսերի ամենամեծ բաժինը. դա կազմում է ծախսերի 25 տոկոսը և ՀՆԱ-ի՝ 7,2 տոկոսը: Այդ մասին Ազգային ժողովում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Այս նախարարության բյուջեն 2024-ի նախագծով կազմում է 755 միլիարդ 290 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա հաստատվածի նկատմամբ ավելի է 101 միլիարդ դրամով: Այսինքն՝ մենք այս ուղղությամբ իրականացրել ենք ամենամեծ ավելացումները մյուս բոլոր նախարարությունների համեմատությամբ»,- ասաց նախարար Հովհաննիսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում նախագծում փոփոխություններ կառաջարկվեն, որում կարտացոլվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների մասով 2024 թվականին իրականացվելիք սոցիալական ծրագրերը, որոնք այս պահին դեռ ներկայացված չեն:
«Մենք 10 միլիարդ դրամ ենք ուղղակի տեղ պահելու համար դրել, բայց առաջիկայում, երբ ծրագրերն ամբողջությամբ մշակված կլինեն, մենք արդեն թոշակների և նպաստների գծով հավելյալ բաշխված առաջարկ կանենք, և կարծում ենք, որ այս 101 միլիարդ ավելացումը չի արտացոլում այն իրական պատկերը, որ ունենալու ենք մյուս տարի»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ այս մասով հատկացումները հաստատ կմեծանան: