Առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումների մասին քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ շատ ծնողներ դիմել են իրեն և այլ պատգամավորների՝ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, նաև վաճառքն անչափահասների շրջանում արգելելու հարցով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ու վաճառքը նույնքան անընդունելի համարեց, որքան ալկոհոլինն ու ծխախոտինը՝ նշելով, որ երևույթը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական աճի և հոգեկան առողջության վրա:
«Եթե էներգետիկի մասով մենք չունենք նման կարգավորում, ապա ալկոհոլի և ծխախոտի մասով ունենք կարգավորումներ, և պետք է վերահսկողության ուժեղացմամբ էլ հասնենք նրան, որ երեխաներին ուղղակի անհնար լինի ծխախոտ վաճառելը, անհնար լինի ալկոհոլ վաճառելը»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ չնայած ալկոհոլի և ծխախոտի դեպքում կա օրենքով սահմանված արգելք՝ այն չվաճառելու, սակայն այսօր էլ հնարավոր է խանութներից դուրս գալիս տեսնել անչափահասների՝ ծխախոտը և ալկոհոլը ձեռքին:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թեմային, տեղեկացրեց, որ իրեն ևս շատ ծնողներ են դիմել այս հարցով. «Զբոսնելիս մոտենում են և բարձրաձայնում են հարցը: Մի տեսակ մոդայիկ է դարձել դպրոցականների շրջանում: Այո՛, շատ կարևոր հարց է, սրան ինչ-որ կերպ պետք է լուծում տրվի»: