Ծնելիության խթանումը իրագործվում է համափարփակ ծրագրերի շնորհիվ: Պետությունը վերջին տարիներին իրականացնում է ծավալուն ու կարևոր՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ծրագիրը: 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ամեն տարի շահառուների շրջանակը մեծացնում ենք, ծառայությունների ծավալը մեծացնում ենք. սա ևս կարևոր միջոցառում է, որը նպաստելու է ծնելիության խթանմանը»,- նշեց նա:
Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին՝ նա ասաց, որ մինչև 2021 թվականը ցուցանիշների լավացում է նկատվել, այնուհետև նաև պատերազմով պայմանավորված՝ որոշակի հետադարձ ընթացք է եղել:
Նախարարը նշեց, որ խնդրի լուծման նպատակով իրականացվում են թե՛ տեղեկատվական, թե՛ գովազդային արշավներ: «Շատ կարևոր է ամբողջ հասարակության ներգրավումը և կարծրատիպերի կոտրումը և ցանկացած բալիկի՝ անկախ նրա սեռից, ծնվելու հնարավորություն ընձեռելը: Սա ևս անվտանգության կարևորագույն երաշխիք է, եթե մենք չունենանք տղաների և աղջիկների առողջ հարաբերակցություն, մենք չենք ունենա ծնելիության աճ, չենք ունենա կայուն հասարակություն, և բազմաթիվ խնդիրներ կունենանք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: