ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով, նրանք հանդիսանում են շահառուների խումբ՝ Կառավարության որոշմամբ սահմանված, և օգտվում են ՀՀ-ում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից: 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ամենալայն շրջանակը, որ հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է նաև նրանց համար: Այստեղ հրահանգների որևէ թեմա չկա, և ֆինանսավորումն իրականացվում է դեպքերի տրամաբանությամբ. կլինի ծառայություն ստացող, ապա կենտրոնը տվյալ ծառայության համար կստանա փոխհատուցում: Ամբուլատոր հատվածում մենք ունենք արդեն 50 հազարից ավելի կցագրված մեր հայրենակիցներ. սա շատ կարևոր աշխատանք էր, որ մենք բավական արագ տեմպերով գնում ենք. մեզ համար կարևորն արագ ընդգրկել նրանց ծառայությունները ստանալու շղթայի մեջ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:
«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին մենք նոր չէ, որ պիտի ծանոթանանք. մենք մշտապես շատ սերտ համագործակցել և աշխատել ենք մեր գործընկերների հետ թե՛ հիվանդացության, թե՛ դեղորայքային ապահովվածության, թե՛ նրանց բժշկական օգնության կազմակերպման մասով: Կարծում եմ՝ մեր կողմից հրատապ նախաձեռնած այս որոշումները չափազանց կարևոր էին, որ մեր քաղաքացիները որևէ ընդհատում իրենց առողջապահական կարիքները բավարարելու մասով չունենային»,- ավելացրեց նա: