Իմունականխարգելման ազգային ծրագրի համար ունենք հատկացում՝ 16,4 տոկոսի ավելացում` 728 միլիոն դրամի շրջանակներում, որի շնորհիվ կարողանալու ենք ներդնել մեր երկրում ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Այդ մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի քննարկման շրջանակում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի հատկացումներին:
«Սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանը և աշխատունակության պահպանմանը, և նաև որոշակի առումով անվտանգային շատ կարևոր լուծում է:
Ինչո՞ւ եմ նշում, որովհետև ջրծաղիկը շատ բարձր կոնտագիոզությամբ օժտված հիվանդություն է, եթե մանկապարտեզում՝ մի խմբում, ջրծաղիկ է լինում, ապա ամբողջ մանկապարտեզը, ցավոք սրտի, գրեթե բոլորը վարակվում են: Մենք ունենում ենք նաև շատ ծանր դեպքեր»,- ասաց նախարարը: