2024 թվականին առողջապահության նախարարությանը կհատկացվի 168 միլիարդ 22 միլիոն դրամ, որը 21 միլիարդ դրամով, այսինքն՝ 14 տոկոսով ավելի է, քան 2023-ին: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության՝ 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման շրջանակում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Կապիտալ ծախսերը 11 միլիարդ 871 միլիոն դրամ են, ընթացիկ ծախսերը՝ 156 միլիարդ դրամ:
«Այս գումարների մեջ նախատեսված են նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար 2024 թվականին ծախսվելիք գումարները, բայց քանի որ մենք դեռ չունենք հաստատված բոլոր դետալները, ապա մենք 18 միլիարդ դրամ չբաշխված գումար ենք նախատեսել այստեղ, որն այնուհետև ծրագրերի հստակեցումից հետո կբաշխվի տարբեր միջոցառումների միջև»,- ասաց նա: