ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելուն և դրա շուրջ ստեղծված իրավիճակին:
Նախարարի խոսքով՝ տեղեկատվություն ստանալու համար իրեն են դիմել մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում է, ըստ այդմ, հարկ է համարում անդրադառնալ թեմային:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որը գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ՝ գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը թե՛ ֆինանսական, թե՛ հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։
«Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։
Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։
Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։
Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը, բնականաբար, չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը ընդգծել է՝ տնօրենի վերադարձից հետո, նրանից, ըստ ընթացակարգի, պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։
Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն:
«Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։
Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։
Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»,- ասված է նախարարի պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ Անի Եղիազարյանը օրեր առաջ հայտարարել էր, թե իրեն ազատել են աշխատանքից, հայտարարել՝ իր դեմ ամիսներ շարունակ «դավադրություն է խմորվել» և ինքը դիմելու է դատարան:
Եղիազարյանը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2019 թվականին։