Գազայի հատվածում կրակի հին օջախի նոր թեժացումը երկրորդ պլան է մղել անգամ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը: Աշխարհի ուշադրությունն այժմ Մերձավորարևելյան տարածաշրջանի վրա է կենտրոնացել:
Հոկտեմբերի սկզբին թեժացած հակամարտությունը տասնամյակների նախապատմություն ունի:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը արաբա-իսրայելական ավելի բազմաշերտ ու ընդգրկուն աշխարհագրությամբ անհաշտության մի մասն է միայն: Եթե շատ կարճ, Առաջին աշխարհամարտից հետո Ազգերի լիգան բրիտանական կայսրությանն էր վստահել Պաղեստինը, որպեսզի այնտեղ հիմնվի «հրեաների ազգային տուն», չնայած տարածքը բնակեցված էր հիմնականում արաբներով:
1940-ականներին արդեն ՄԱԿ-ը նոր պլան առաջարկեց Մերձավոր Արևելքի միջերկրածովյան տարածքը բաժանելու համար: Պետք է ստեղծվեր հրեական ու արաբական երկու պետություն:
Ապագա հարևանները, սակայն, այդպես էլ չհաշտվեցին տարածաշրջանում միմյանց գոյության հետ: Փոփոխական հաջողությամբ՝ արյունալի պատերազմները հրեաների ու արաբների միջև այս տասնամյակների ընթացքում, կարելի է ասել, միայն ընդմիջվել են, բայց չեն ավարտվել:
Գազայի հատվածը, որտեղ ամենաթեժն է հիմա, Իսրայելի կողմից շրջափակված, պաղեստինցիներով բնակեցված տարածք է, որը ղեկավարվում է ՀԱՄԱՍ-ի կողմից: Ռազմականացված իսլամիստական այդ կազմակերպությունն է այժմ մարտեր մղում Իսրայելի դեմ: Մոտ 365 քառակուսի կիլոմետր տարածքով Գազան, չնայած փոքրությանը, չափազանց մեծ աշխարհաքաղաքական գործոն է:
Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն աշխարհում ամենաբարդերից է ու միշտ կա դրա բռնկման և աշխարհագրության ընդլայնման վտանգ:
Ինչպե՞ս են դիրքավորվել տարածաշրջանի երկրները ու մեծ խաղացողները և ի՞նչ պետք է անի Հայաստանը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: