Հայաստանի պատմության թանգարանից տեղեկացնում են՝ նոյեմբերի 7-ին թանգարանում տեղի կունենա «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։
«Լճաշենը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են սկսած 1866 թվականից և շարունակվում են մինչև մեր օրերը։ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվելու է հուշարձանի հարուստ հավաքածուից մի մեծ հատված, որը հայտնաբերվել է 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։
Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն»,- նշված է հաղորդագրությունում։