Ռմբակոծված Ավդեևկա քաղաքի մոտակա գյուղերի վերջին խաղաղ բնակիչները տարհանվել են: ԶԼՄ-ները գրում են, որ ռուսական ուժերն այդ ուղղությամբ անցել են ակտիվ գործողությունների և մտադիր են գրավել ուկրաինական դիրքերը:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ առաջնագծում թեժ մարտեր են, մասնավորապես, Ավդեևկայի, Մարյինկայի և այլ ուղղություններում: Ուկրաինական կողմի տվյալով՝ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել՝ սպանելով խաղաղ բնակիչների, ոչնչացնելով ջեռուցման, էլեկտրաէներգիայի և հաղորդակցության ապահովման համար կարևոր ենթակառուցվածքները: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ուկրաինացի զինվորականները ռազմական միջոցների սղություն են զգում, ինչը բարդացնում է մարտի դաշտում իրավիճակը:
Ռուսական կողմն էլ հայտնում է, որ երկրի ՀՕՊ համակարգերը գիշերն ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի շրջանների տարածքում: