ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում
բացվել է նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։
Մարտունու 79-մահճակալանոց ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկեն 88 հազարից ավելի բնակչություն՝ տրամադրելով որակյալ բուժօգնություն։
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպել են համակարգի զարգացման ուղեծիրը, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։
«Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»,- նշել է նախարարը։
Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։