Արաբական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանակի և պաղեստինյան դիմադրության մարտիկների միջև կատաղի բախումներ են Գազայի հատվածի հյուսիսում՝ Էրեզ անցակետի մոտ և Հորդանան գետի արևմտյան ափին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կարևոր հենակետի գրավման մասին։ ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ հայտնաբերվել են հետախուզության համար արժեքավոր նյութեր: Ըստ իսրայելական կողմի՝ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանի տարածքին:
Al Jazeera-ն տեղեկացրել է, որ Իսրայելը հարվածել է Գազա քաղաքի՝ ՄԱԿ-ին պատկանող կրթական հաստատությանը, որտեղ հազարավոր փախստականներ են եղել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ:
Պաղեստինյան Կարմիր մահիկն էլ հայտնել է իսրայելական ուժերի կողմից Ալ-Շիֆա հիվանդանոցի շտապօգնության մեքենաների թիրախավորման մասին, նշվում է, որ մեքենաները վիրավորների էին տեղափոխում Եգիպտոսի հետ սահման: Հայտնի է տասնյակ զոհերի և վիրավորների մասին:
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է՝ հարվածել են շտապօգնության մեքենաներին, քանի որ դրանք տեղափոխել են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ՀԱՄԱՍ-ի զինյալների: Իսրայելի բանակը հիշեցրել է՝ բազմիցս զգուշացրել են խաղաղ բնակիչներին՝ լքել ռազմական գործողությունների գոտին: Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն էլ հայտարարել է, որ պաղեստինցիների տառապանքը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի։