Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը՝ ընդգծելով Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության դրույթները որպես ուղենիշ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։
Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկաներին է ներկայացրել հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը ինչպես տարածաշրջանային համագործակցության, այնպես էլ միջազգային փոխադրումների համատեքստում։
Իր ելույթում Վահան Կոստանյանը նաև հիշատակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։