Գերմանիան և Եվրոպան ցանկանում են «Հարավային Կովկասի երկրների հետ համատեղ աշխատելով ստեղծել այնպիսի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները և կձևավորի լավ ապագա մարդկանց համար»: Նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստան և Ադրբեջան երկօրյա այցի մեկնարկից առաջ՝ նոյեմբերի 3-ին:
Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու երկրի միջև երկարատև հակամարտությունը՝ Բերբոքը նշել է, որ այն մեծ ցավ է պատճառել երկու կողմին, սակայն «երկարաժամկետ հեռանկարում վերքերը կարող են բուժվել»։ Այժմ կարևոր է, որ «բոլոր նրանք, ում ձեռքերում են խաղաղության բանալիները, հաղթահարեն իրենք իրենց և բռնեն փոխադարձ վստահության ճանապարհը»,- ավելացրել է արտգործնախարարը:
Այս ճանապարհին Գերմանիան և ընդհանուր առմամբ ԵՄ-ն պատրաստ են որոշակի նախաձեռնություններով աջակցել Երևանին ու Բաքվին, ընդգծել է նախարարը։ Դրանցից մեկը ԵՄ Global Gateway ծրագրի շրջանակում տվյալների փոխանցման համար Սև ծովի հատակով խորջրյա մալուխի ծրագրված տեղադրումն է։ Ըստ Բերբոքի՝ այս նախագծին մասնակցելը կարող է Հայաստանին և Ադրբեջանին ավելի մոտեցնել միմյանց, ինչպես նաև Եվրոպային։
Global Gateway նախաձեռնությունը նախատեսում է մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրումներ զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների ենթակառուցվածքներում։ Ծրագրի նպատակներից մեկն էլ ԵՄ-ի գլոբալ ազդեցության ուժեղացումն է։ Ստորջրյա մալուխի անցկացման ընդհանուր արժեքը, որի մասին խոսել է Անալենա Բերբոքը, կազմում է 45 միլիարդ եվրո։ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է ստանձնել այդ գումարի գրեթե կեսի ֆինանսավորումը։