ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հավանություն է տվել հանրապետականների առաջարկած օրինագծին, որով նախատեսվում է 14,3 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ պայքարում։ Օրինագծին կողմ է քվեարկել ստորին պալատի 226 անդամ, դեմ՝ 196-ը: Փաստաթուղթը կներկայացվի Սենատի քննարկմանը, իսկ ընդունվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության։
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատներն ու հանրապետականները նախկինում կասկածներ էին հայտնել Ներկայացուցիչների պալատի հանրապետականների՝ Իսրայելին աջակցություն ցուցաբերելու ծրագրի վերաբերյալ, որում ներառված չէ Ուկրաինային օգնությունը: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերն օրինագիծն «անլուրջ» է անվանել:
Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կկիրառի և կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը, նույնիսկ եթե այն ընդունվի երկու պալատում և հասնի իր սեղանին։ «Այս օրինագիծը վատ է Իսրայելի, Մերձավոր Արևելքի և մեր ազգային անվտանգության համար»,- Reuters-ը մեջբերել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ներկայացուցչի խոսքը: