Մենք շահագրգիռ ենք մեր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը, ապա ընդգծեց, որ երբ խոսում է հարևաններից, պետք է խոսել նաև բարեկամներից, որոնց հետ Հայաստանն ունի սերտ համագործակցություն. խոսքը Վրաստանի և Իրանի մասին է:
«Այս երկրների հետ մենք իսկապես վայելում ենք մտերիմ բարեկամական հարաբերություններ: Ունենք ծրագրեր, մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են, կյանքի կոչված են, մի շարք ծրագրեր էլ այս պահին քննարկվում են, և բարեհաջող ընթացքի դեպքում կտեղեկացնենք նաև հանրությանը: Բայց այս պահին ասեմ, որ մեզ համար ուղենիշ է զարգացնել մեր՝ առանց այն էլ շատ լավ բարեկամական հարաբերություններն այս մեր երկու բարեկամների և հարևանների հետ»,- ասաց Միրզոյանը:
Նախարարն ընդգծեց, որ բազմոլորտ համագործակցություն կա նաև Ֆրանսիայի հետ, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա Հայաստանը շարունակելու է հարաբերությունները խորացնել նաև այդ ուղղությամբ:
«Ուզում եմ հատուկ ընդգծել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության դերը նաև մինչև այս պահը ՀՀ-ի սահմանային կայունության և անվտանգության գործում:
Ուզում եմ հիշեցնել, որ մենք բացահայտում ենք այսպես ասած նոր հարթակներ, նոր ուղղություններ ԵՄ-ի հետ համագործակցության, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»,- ասաց նախարարը և հիշեցրեց, որ կան ստանձնած պայմանավորվածություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և՛ ՀՀ-ի, և՛ ԵՄ-ի կողմից, և այս համատեքստում առանձնացրեց վիզաների ազատականացման հարցը:
Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն շարունակելու է հարաբերությունները զարգացնել նաև ԱՄՆ-ի հետ: