Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սամարղանդում Վերոնյան XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբերի աշխատանքը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանի սահմանազատման վերաբերյալ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը երկկողմանի խնդիր է։ Իսկ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներն են։ Ինչ վերաբերում է այդ գործընթացում Ռուսաստանի մասնակցությանն ու դերին, մենք միշտ պատրաստ ենք աջակցել՝ տրամադրելով փաստաթղթեր, այդ թվում՝ քարտեզագրական փաստաթղթեր, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում։
Ինչ վերաբերում է կապի ապաշրջափակմանը, ապա ֆորմալ առումով կա աշխատանքային խումբ։ Վերջին անգամ հավաքվել ենք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը նույնպես մեծ մասամբ պատրաստ է։
Ինչ վերաբերում է բուն ճանապարհի կառուցմանը, ապա գիտեք, որ Ադրբեջանն արդեն սկսել է Իրանի տարածքով ավտոմայրուղու շինարարությունը՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։ Ինչպես գիտենք, Ադրբեջանի և Իրանի միջև նաև հուշագիր է ստորագրվել Իրանով անցնող և Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նաև մեկնաբանել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն ու դրա կարևորությունը Ռուսաստանի համար՝ որպես Հյուսիս-հարավ ընդհանուր միջանցքի մաս։
«Դա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է, որն Իրանից Հայաստանի տարածքով կհասնի Վրաստան։ Եվ, իհարկե, հաշվի առնելով Վերին Լարսը, այն նույնպես շատ կարևոր դեր կունենա մեր Հյուսիս-հարավ միջանցքում։ Մենք վստահ ենք դրանում»,- հավելել է Օվերչուկը: