Գերմանիան ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, անվտանգային հարաբերությունների նպատակով պայմաններ ստեղծել բանակցային սեղանի շուրջ նրանց հանդիպումների համար: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:
«Գերմանիան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սա հիմքն է բոլոր՝ խաղաղության միտված բանակցությունների համար:
Հատկապես բազում հարցեր են առաջանում՝ սահմանների հետ կապված, թե ինչպիսի քարտեզներով պետք է առաջնորդվել: Սա Հայաստանի և Ադրբեջանի համար մեծ առաջադրանք է` լուծում գտնելու, որը հույսի մի նշույլ կլինի այն մարդկանց համար, որոնք ցանկանում են խաղաղության պայմաններում ապրել»,- ասաց նա:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշեց, որ տարիներ շարունակ ԵՄ-ն և Գերմանիան որպես ազնիվ միջնորդ են գործել Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Համոզված եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ջանքերը կամուրջ կարող են լինել երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար: Այդ պատճառով կարևոր է, որ նորից ձևավորվի բանակցությունների փուլ»,- ասաց նա: