Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին Ազգային ժողովում ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ օրերս այցելել էր Թեհրան, որտեղ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:
Այս համատեքստում նախարարն ընդգծեց, որ կան որոշակի գործընթաց և խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին:
«Ուզում եմ լավատեսություն հայտնել՝ ասելով, որ առնվազն մեր այն պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը բացելուն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար, այն է՝ ՀՀ-ի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն, և նաև երրորդ երկրների այն քաղաքացիների համար, որոնք տարբեր նպատակներով մի երկրից կցանկանան անցնել մյուսը, ասենք՝ զբոսաշրջության համար, ահա այս մարդկանց համար [նպատակ կա] բացել սահմանը»,- ասաց նախարարը և հավելեց. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ այստեղ լավ նորություններ գուցե ունենանք»: