Կարևորում ենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի, ավանդական մեր գործընկերների՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որի հետ բազմոլորտ կապերով ենք կապված: Այս մասին ներկայացնելով ԱԳՆ-ի ծրագրերը և արդյունքային ցուցանիշները՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես տեսնում եմ նաև ժպիտներ, և տեսանելի է, որ կան որոշ խնդիրներ այս հարաբերություններում: Մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ՝ ՌԴ-ում նույնպիսի վերաբերմունք կա: Մենք համոզված ենք, որ այն, ինչից մեր ռուսաստանցի գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը տեսել ենք զանազան մեդիաեթերներում և այլն, բայց սա երկար պատմություն է, առանձին թեմա է: Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել և հասկանալ, հարթել և բարեկամաբար առաջ շարժվել գործընկերաբար»,- ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ սա է հայկական կողմի դիրքորոշումը:
«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, հուսանք՝ կստացվի: Անշուշտ, ամենը, ինչ ես ասում եմ, արտաքին հարաբերությունների ոլորտում է, մեկ կողմից չի կախված»,- նկատեց Միրզոյանը:
Նախարարը խոսեց նաև Հնդկաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նկատեց՝ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումները հրապարակային են, կլինեն նոր ուղղություններ, նոր ծրագրեր, իսկ Չինաստանի հետ Հայաստանը շահագրգռված է ուղիղ՝ չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ: