Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, այնուհետև մամուլի ասուլիս, որի ժամանակ Գերմանիայի դիվանագիտության ղեկավարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Բերբոքը նաև հայտարարել է Գերմանիան միայնակ չի թողնի Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանվածների հարցերի լուծման ընթացքում և տեղեկացրել է լրացուցիչ 9.3 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին:
«Բեռլինը ցանկանում է ամրապնդել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում»,- շեշտել է Գերմանիայի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ Երևանը մտադիր է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ նույն արժեքային համակարգը կիսող Եվրամիության և անդամ երկրների հետ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգային առումով:
Նախարար Բերբոքին հարց է ուղղվել՝ արդյո՞ք Գերմանիան պատրաստ է հրաժարվել ադրբեջանական գազից և նավթից՝ այդ պետության կողմից Հայաստանի վրա հարձակման դեպքում: Արարատ Միրզոյանից գերմանացի լրագրողը հետաքրքրվել է հայ-ռուսական հարաբերությունների առկա վիճակի մասին:
«Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր Լեռնային Ղարաբաղից այսքան շատ մարդկանց ընդունելը։ Հայաստանի կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց բոլոր հնարավոր քայլերը և կապիտալ ներդրեց այդ մարդկանց աջակցելու համար, որն արժանի է մեր հարգանքին։ Դուք ձեր սիրտը բացեցիք և ձեր օգնությունն առաջարկեցիք բազմաթիվ մարդկանց, որոնց թվում էին կանայք, երեխաներ, տարեցներ Լեռնային Ղարաբաղից։ Մենք ձեզ այս հարցում մենակ չենք թողնի։ 2022 թվականից հետո մենք մեծ աջակցություն ենք տրամադրել Հայաստանի կառավարությանը և հավելյալ 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրենք այս մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասաց Բերբոքը։