Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների շարունակվող վայրագություններին արդեն իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ամբողջ տարածքում իրականացնելով հայերի էթնիկ զտումներ:
Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ: Քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, Ադրբեջանը պատասխանում էր, որ իրենք անպայման կապահովեն այդ ամենը։
Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանը չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց ունեցվածքի, նույնիսկ՝ մանկական խաղալիքների պահպանումը։ Այդուհանդերձ, այդ վայրագությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը։