ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց նաև բյուջետային ծրագրերը, հիշեցրեց՝ ԱԳՆ-ն ներկայացրել է շուրջ 17 մլրդ 204 միլիոն դրամի հայտ, ինչը ֆինանսների նախարարության և Կառավարության հետ քննարկման արդյունքում ներկայացվել է 16 մլրդ 616 միլիոն դրամի հայտ:
«Այս ֆինանսական ռեսուրսները բաշխված են 5 ծրագրերում: Ամենախոշորը և հիմնականը «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում և իրականացում» ծրագիրն է՝ 2 մլրդ 733 միլիոն դրամ: Այս տարի մի հետաքրքիր դետալ ենք ավելացրել այս ծրագրում՝ 2024-ի սեպտեմբերին Հնդկաստանի ORF հիմնադրամի հետ, որն իրականացնում է «Ռաիսինա երկխոսություն» ծրագիրը, Երևանում նախատեսում ենք անցկացնել «Երևան դիալոգ» միջազգային համաժողովը: Սա մեծ հնարավորություն է զարգացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ, ունենալ այլ հյուրեր և Հայաստանը միջազգային, քաղաքական, գիտական, նորարարական լույսի ներքո ներկայացնել»,- հայտնեց Միրզոյանը՝ շեշտելով՝ ՀՀ-ն չափազանց կարևորում է այս ծրագիրը:
«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրին հատկացվելու է 11 մլրդ 638,7 միլիոն դրամ:
Նախարարը տեղեկացրեց՝ նախատեսում են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել մի շարք երկրներում:
«Օրինակ, վերջերս Կորեայի Հանրապետությունը մեզ տեղեկացրել է պաշտոնական նոտայով, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն: Կարծում ենք՝ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում, և դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում, կնպաստի ներուժի ավելի լավ իրացվելուն»,- նշեց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով՝ Կորեայի կտորը բյուջեում դեռ արտացոլված չէ:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը նաև Լյուքսեմբուրգում է բացում դիվանագիտական ներկայացուցչություն:
«Կբացենք դիվանագիտական ներկայացուցչություն: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք Լյուքսեմբուրգի հետ, և ժամանակն է, որ այնտեղ առնվազն գրասենյակ ունենանք»,- հայտնեց ԱԳ նախարարը: