Նոյեմբերի 3-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:
Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրել է՝ 2023 թ. ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով: