Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և Ընտրական համակարգների միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ազդարարում է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։
Նոյեմբերի 3-ին ԿԸՀ վարչական շենքում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Նորին գերազանցություն Ջոն Գալագերը, IFES հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Ծրագիրը կգործի երեք հիմնական ուղղություններով՝ կիբեռանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավում, քաղաքական ֆինանսավորման և հանրային ռեսուրսների չարաշահման նկատմամբ վերահսկողության բարելավում և ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կրթության հմտությունների զարգացում՝ ժողովրդավարական բոլոր գործընթացներում մասնակցության ապահովման նպատակով։
ՄԹ դեսպան Ջոն Գալագերը ուրախությամբ ազդարարել է ծրագրի մեկնարկի մասին՝ ասելով, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները լավ օրինակ էին ՀՀ ժողովրդավարական գործընթացների հասունացման։ Դեսպանն ընդգծել է՝ ծրագիրն ուղղված է ՀՀ ժողովրդավարական հենասյուների ամրապնդմանը։
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս կարևորել է ծրագրի մեկնարկը՝ ուրախությամբ արձանագրելով ԿԸՀ-ի հետ համագործակցության ընդլայնումը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ վերահաստատելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունի։ Ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունները ժողովրդավարության անկյունաքարն են։ ԿԸՀ նախագահը նաև հավելել է, որ 2024 և 2025 թվականներին հերթական ընտրություններ չեն սպասվում, ուստի ԿԸՀ աշխատակազմն իր ողջ ներուժը ներդնելու է ընտրական համակարգերի հզորացմանը։