«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել ուտեստի ժառանգության մասին» ուսուցողական դասընթացից հետո, երիտասարդների և հետազոտողների շնորհիվ հավաքագրվել են գյուղի ուտեստային պատմություններն ու հիշողությունները։
Ազգագրական հետազոտության արդյունքում ընտրված առանցքային ուտեստները՝ խոխոբը, լոբով տոլման, խոզի մսով սալտիսոնը, փոխինդը, յուրահատուկ գաթան, արցախյան թերթերուկը, փախլավան, ժենգյալով հացը, ինչպես նաև Կալավանի հարուստ անտառներից հավաքած բույսերով ու պտուղներով գյուղի բնակիչների պատրաստած բազմազան ուտեստներն ու ըմպելիքները ներկայացնում էին Կալավանի մշակութային բազմազանությունը։
Ուտեստներն այս ծրագրում ուղղակի բաղադրատոմսեր չեն, այլ պատմություններ, որոնք պատմում են կալավանցիների մանկության, հայրենիքի ու հիշողությունների մասին։ Այդ հիշողությունները տարբեր են՝ մի դեպքում Կալավանը ստիպված ընտրած՝ 1988 թվականին Շամխորի, Կիրովաբադի, Սումգայիթի, Խանլարի և այլ շրջաններից տեղահանվածների, 2023 թ. Արցախից բռնի տեղահանության հետևանքով հաստատված ընտանիքների, մյուս դեպքում՝ Կալավանը կամավոր բնակության վայր ընտրած և այնտեղ հաստատվածների։
Միջոցառման ընթացքում բացվել է նաև լուսանկարիչ Արշակ Հարությունյանի լուսանկարների արխիվային ցուցահանդեսը։ Ծրագրի շրջանակում լուսանկարները ներկայացնելուց հետո այն կմնա համայնքում՝ որպես յուրատեսակ մշակութային անկյուն՝ նպաստելով կայուն զարգացման գաղափարներին ու համայնքային զարգացմանը։
Միջոցառման հիմնական նպատակն էր կազմակերպել տեղաբնակ երիտասարդների ուսուցումը տեղական ավանդույթների ճանաչման և հավաքագրման ուղղությամբ՝ նույնականացնելու և շտեմարանավորելու հմտությունների ձեռքբերումը, որն ուղղակիորեն կապվում է մշակութային ժառանգության պահպանության հետ և նպաստում մշակութահենք գաղափարների տարածմանը։
Ծրագիրը կամփոփվի ևս մի կարևոր նախաձեռնությամբ՝ «Կալավանի համերը» էլեկտրոնային գրքի հրատարակությամբ: