Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են , որ նախաձեռնվել է հանդիպումների շարք քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ իրազեկելու urban.e-gov.am հարթակում մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագրի մասին:
Կոմիտեի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են հարթակում գրանցվելու քայլերը, անհրաժեշտ փաստաթղթերը, պատասխանում ներկաների հարցերին: «Հանդիպումներն սկսել ենք շահառուների ամենամեծ խմբից՝ շինարարներից՝ հաջորդիվ ընդգրկելով նախագծողներին, տեխնիկական հսկողներին, փորձաքննություն, հետազննություն և հետախուզում իրականացնողներին»,- նշել է Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ օգտագործվում են իրազեկման տարբեր ձևաչափեր՝ նոր գործընթացին ընդառաջ շահառուների բոլոր խմբերին հնարավորինս նախապատրաստելու համար:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն սկսել է urban.e-gov.am հարթակի միջոցով մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիրը՝ դեկտեմբերի 17-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխություններին ընդառաջ համակարգը կատարելագործելու նպատակով: Հարթակի միջոցով կոմիտեն արդեն ստացել է առաջին հայտերը. ուսումնասիրվել է շուրջ 40 հայտ:
Մասնագետները, ըստ կատարած աշխատանքների ծավալի, բարդության և հետագայում շարունակական մասնագիտական զարգացման արդյունքում, կարող են ստանալ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր: Դասակարգման սկզբունքը նկարագրված է «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում (hոդված 11.1, 3-րդ կետ):
«Ոլորտի խորքային կարգավորմանն ուղղված այս գործընթացը թույլ կտա առավել հստակ և ամբողջական պատկերացում ունենալ քաղաքաշինության բնագավառի մասնագիտական ներուժի մասին ու խթանել մասնագետների շարունակական զարգացումը: Իսկ թվային հարթակում ստեղծված հնարավորությունները գործընթացը կդարձնեն դյուրին և թափանցիկ»,- ընդգծել է Նշան Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ լիցենզավորման վարչությունը պատրաստ է պատասխանել մասնագետներին հուզող հարցերին (հեռ. 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766):